Մեր մասին

1936 թվականի դեկտեմբերի 12-ին «Պեպո»՝ հայկական առաջին հնչյունային ֆիլմի ցուցադրումով տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի բացումը: Ժամանանակից երևանցու համար միգուցե դժվար լինի այժմ պատկերացնել, որ կինոթատրոնի շենքի փոխարեն մի ժամանակ Պողոս-Պետրոս եկեղեցին էր, ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոխարեն՝ ռուսական եկեղեցի, իսկ այս ամենի հարևանությամբ ներկայիս նկարիչների միության շենքի փոխարեն՝ մզկիթ:

Ժամանակի ընթացքում, քաղաքի վերակառուցումը, իսկ բոլշևիզմի հաղթանակից հետո «կուլտուրական հեղափոխությունը» հիմնահատակ արեց շուրջ 16 դար շարունակ կառուցված հայկական ճարտարապետական չքնաղ նմուշներ: Դրանց շարքում հայտնվեց նաև Պողոս-Պետրոս եկեղեցին: 1930-ական թթ. եկեղեցին քանդվեց: Պողոս-Պետրոսի տեղում բարձրացավ Երևանի կինոթատրոնի շենքը, որը հետո կոչվեց «Մոսկվա» անունով: Շենքի ճարտարապետներն էին Տիրան Երկանյանը և Գևորգ Քոչարը: Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցումների է ենթարկվել՝ 1960 թվականին Գևորգ Քոչարի և Թելման Գևորգյանի նախագծով, 1983 թվականին՝ ճարտարապետներ Բ.Արզումանյանի, Զ.Զաքարյանի, Ա.Իսրայելյանի, Ա.Մելիքյանի նախագծով: Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով կատարված խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», ինչպես նաև «Պար» և «Բեմ» խորհրդանշական քանդակներով:

Կինոթատրոնի սեփականաշնորհումից հետո այն մեկ տարով փակվեց և վերաբացվեց 2000թ. սեպտեմբերին: Կինոթատրոնին հարակից շատրվանը վերանորոգվեց և վերաբացվեց 2010 թվականին:

Սովետական տարիներին ֆիլմերի ընտրությունը կինոթատրոնի տնօրինության իրավասության տակ չէր: ԽՍՀՄ-ի Կինոկոմիտեն որոշում էր, ինչ քանակությամբ ֆիլմերի օրինակներ ուղարկել հանրապետություններ: Կար նաև հանրապետական Կինոկոմիտե, որտեղ կար «ռեպերտուարների վարչություն». այն պլանավորում էր հանրապետության տարածքում գտնվող կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի հաջորդականությունը: Այժմ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը կատարվում է կառույցի համապատասխան աշխատակիցների կողմից: Կինոթատրոնը համագործակցում  մի շարք հայտնի ընկերությունների հետ՝ The Walt Disney Company, Sony Pictures, Paramount Pictures, 20th Century Fox, DreamWorks, Universal Studios, Warner Bros, ֆիլմացանկում ներառելով համաշխարհային լավագույն ֆիլմերը: Ֆիլմացանկը փոփոխվում է բավականին հաճախ. յուրաքանչյուր հինգշաբթի արտասահմանյան որևէ ֆիլմի պրեմիերա է տեղի ունենում, երբեմն մեկի փոխարեն միանգամից մի քանի: Բացի արտասահմանյան ֆիլմերից, կինոթատրոնում ցուցադրվում են հայկական արտադրության ֆիլմեր ևս, որոնք վերջին տարիներին բավականին շատացել են: Բացի այդ մեծացել է նաև հանդիսատեսի հետաքրքրվածությունը տեղական արտադրանքի նկատմամբ:

Այժմ կինոթատրոնը ունի չորս դահլիճ՝«Կարմիր» դահլիճ՝ 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճ՝ 350 նստատեղ, «Կարմիր»  փոքր դահլիճ՝ 49 նստատեղ, «Տեսասրահ»  35 նստատեղ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում  կազմակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ: Ամեն տարի, տարվա տարբեր ամիսներին, կինոթատրոնում իրականացվում եմ բազմաբնույթ փառատոններ՝ «Ոսկե ծիրան», «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Բացի այդ այստեղ են կազմակերպվում մի շարք դեսպանատների կողմից իրականացվող զանազան միջոցառումներ: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:

2014 թվականի դեկտեմբեր ամսից կինոթատրոնը cult.am մշակութային պորտալի հետ համատեղ սկսեց իրականացնել  էլ. տոմսերի վաճառք, 2015 թվականին նորացվեցին մեծ դահլիճների էկրանները, մշակվեց կինոթատրոնի նոր ապրանքանշանը և կորպորատիվ ոճը, գործարկվեց նաև կինոթատրոնի նոր պաշտոնական կայք էջը:

Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում՝ պատրաստ լինելով ժամանակակից մարտահրավերներին: