Կիրիլ Սերեբրենիկով. «Չայկովսկու կինը»
2018թ., երբ ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովը բանտարկության մեջ էր Ռուսաստանում, Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ նրա «Ամառ» ֆիլմի պրիմիերան:Կինոդահլիճում գտնվող հանդիսատեսի մի մասը ոտքի կանգնեց` «Ազատություն Կիրիլ Սերեբրենիկովին» պաստառներով` պահանջելով հակապուտինյան հայացքներ ունեցող ռեժիսորի շուտափույթ ազատումը: Սակայն չորս տարի անց` 2022թ., Կաննի հիմնական մրցույթում Կիրիլ Սերեբրենիկովի նոր ֆիլմի հայտնվելն արժանացավ նույնքան ծայրահեղ բացասական արձագանքի, որքան ծայրահեղ ջերմ էր վերջինիս ընդունելությունը 2018թ.: Իսկ ֆիլմը մեկ այլ ռուս արվեստագետի մասին էր, որը, զավեշտալիորեն, ևս հայտնվել է աշխարհի կողմից մերժվածների ցանկում, չնայած մեծանուն կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին շատ քիչ մեղավորություն կամ կապ ունի Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման հետ:
Ֆիլմը, որ վերնագրված է «Չայկովսկու կինը», կոմպոզիտորի կնոջ` Անտոնինա Իվանովնայի պատմությունն է, ու ըստ ռեժիսորի հավաստիացումների, ամբողջության հիմնված է տիկնոջ հիշողությունների վրա: Պյոտր Իլյիչն ամուսնացել էր երիտասարդ Անտոնինայի հետ կարճ ծանոթությունից հետո` հույս ունենալով լուծել իր ֆինանսական բարդություններն Անտոնինայի ժառանգության շնորհիվ, ինչպես նաև փարատել իր` համասեռամոլության մասին բամբասանքները: Սակայն պսակադրությունից շատ կարճ ժամանակ անց Չայկովսկին հասկանում է, որ կնոջ ամենասովորական ջերմության դրսևորումներն անգամ գրեթե զզվելի են իր համար և հեռանում է Անտոնինայից: Անտոնիանան երբեք չի ստորագրում ամուսնալուծության փաստաթուղթը:
Վերնագիրն իդեալականորեն արտահայտում է ֆիլմի, Անտոնինայի բովանդակությունը: Երկու էկրանային ժամերի ընթացքում սիրահարված, ապա մերժված հերոսուհու սերն ու ակնածանքը վերածվում են կույր երկրպագության, խելագարության: Նրա ինքագնահատականի ու ինքնակարևորության հիմքում իր` կոմպոզիտորի կինը լինելու փաստն է, նրա խոցված ու պատրանքներով սնվող էգոն հավասարվում է այն բարակ ամուսնական մատանուն, որն Անտոնինան սարսափում է կորցնել:
Չայկովսկու կնոջ զառանցանք դարձած զգացմունքների կինոարտահայտման գործում մեծ դեր ունի հայազգի Վլադիսլավ Օպելյանցի տեսախցիկի աշխատանքը, որը ֆիլմի ողջ ընթացքում հետևում է Մոսկվայի ու Պետերբուրգի լաբիրինթոսային փողոցներում մոլորված Անտոնինայի լուսնոտ հետագծին: Այն ամբողջապես կենտրոնացած է հերոսուհու վրա, ում 19-րդ դարյա կեցվածը ձևափոխվում է 21-րդ դարյա ժամանակակից պարի: Հերոսուհուն զուգահեռ տեսախցիկը սահում է օտարության ու արհամարհանքի միջով, բարձրանում վեր` հույս ունենալով ազատվել մոլեգին էմոցիոնալ ալիքից, սակայն ձախողված իջնում է դեպի հատակը, որտեղ խրված է Անտոնինան:
Կիրիլ Սերեբրենիկովի տարաժամանակյա դրաման պետք է դիտարկել բոլոր աշխարհ-քաղաքական սահմաններից դուրս, չկապել Ռուսաստանի կամ մեծանուն կոմպոզիտորի անվան հետ: Ֆիլմը գաղափարով տարվելու, սեփական եսը կորցնելու վտանգի և ինքնաքայքայման մասին է: Ռեժիսորին հաջողվում է իրագործել իր մտահաղացումը, չշեղվել ավելի հրապուրիչ սյուժետային գծերը զարգացնելու գայթակղությամբ, հավատարիմ մնալ Անտոնիանային: Կիրիլը համադրում է անհամադրելին` 19-րդ դարի ցարական Ռուսաստանը ու ժամանակակակից հիփ-հոփ երաժշտությունը, ավանգարդն ու կոստյումային ինքնակենսագրական դրաման:
Սերեբրենիկովը ստեղծում է մի աշխարհ, որտեղ տեղ ունեն բոլորը:
Հոդվածի հեղինակ՝ Սոնա Կարապողոսյան