Moscow Cinema Loader
blog cover image blog cover image

Ալի Աբբասիի սուրբ սարդերի հասարակությունը

Կաննի կինոփառատոնում ներկայացված ֆիլմերից թերևս ամենասպասելիների շարքում էր Ալի Աբբասիի «Սուրբ սարդ»-ը ֆիլմը, որն Ալիի արդեն երկրորդ լիամետրաժն էր, որ ընդգրկվում է Կաննյան ծրագրում. նրա առաջին ֆիլմը` «Սահման» ֆենթզի դրաման 2018թ. արժանացել էր գլխավոր մրցանակի փառատոնի «Հատուկ հայացք» բաժնում:
Կինոսերները, կարդալով, որ Աբբասին ֆիլմ է նկարահել պարսիկ սերիական մարդասպանի մասին, բնականաբար, պատրաստվել էր դիտել փառատոնի ամենասուր դրամաներից մեկը: Սպասումներն ավելի էր սրել ֆիլմի նկարահանումների շուրջ բարձրացած աղմուկը: Իրանի Իսլամական հանրապետությունն արգելել էր ֆիլմի նկարահանումները, ինչի պատճառով դրանք տեղափոխվել էին Հորդանան: Հարթ չէր եղել նաև գլխավոր դերակատարուհու` տաղանդավոր Զար Ամիր Էբրահիմի ընտրությունը: Դեռևս մի քանի տարի առաջ վերջինս հայտնվել էր սեռական սկանդալի կենտրոնում և ստիպված էր եղել լքեր հայրենիքը: Եվ ահա, մայիսյան մի գեղեցիկ օր տեղի ունեցավ ֆիլմի պրիմիերան, իսկ փառատոնի ավարտին Զար Ամիր Էբրահիմին արժանացավ Ոսկե արմավենու «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Կարիք չեղավ երկար սպասելու նաև իրանական իշխանությունների արձագանքին. երկրի մշակույթի նախարարությունը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ` համեմատելով ֆիլմը Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծությունների» հետ, որ վիրավորում էր միլիոնավոր մուսուլմանների զգացմունքները:

«Սուրբ սարդը» պարսիկ սերիական մարդասպանի մասին է, ով 2000-2001թթ. սպանել էր տասնվեց մարմնավաճառ կանանց` վստահ լինելով, որ մաքրում է հասարակությունը հիվանդությունից: Ֆիլմում Զար Ամիր Էբրահիմին մարմնավորում է լրագրողի, ով, չհավատալով ոստիկանության  ջանքերի արդյունավետությանը, փորձում է ինքնուրույն որսալ սարդին: Նա սկսում է մարմնավաճառ ձևանալ, սակայն շուտով հայտնվում է սարդոստայնում, որը,  ցավոք, հյուսել է հասարակությունը: Մի հասարակություն, որտեղ ծնողները հրաժարվում են իրենց դստրերից` խրախուսելով սերիական մարդասպանի գործունեությունը: 

Ալի Աբասսին ֆիլմը է նկարել կեղծ բարեպաշտ հասարակության, կանանց նկատմամբ ատելության մասին, որը բերում է բացարձակ չարի տարածման, ամենաթողության ու անպատժելիության: Ցավոք, «Սուրբ Սարդը» չի արդարացնում դիտորդների սպասելիքները: Արհեստական ու միմյանց հետ կապ չունեցող իրադարձությունները, անտրամաբանական զարգացումները թողնում են անավարտության տխուր հետնահամ: Օրինակ` անհասկանալի է, թե որտեղ են Սարդի կինն ու երեխաները, երբ նա տուն է հրավիրում այս բոլոր կանանց ու սպանում նրանց, գրեթե զարմանահրաշ է խիզախ լրագրողուհու փախուստը մարդասպասնի ձեռքերից և այլն: Միևնույն ժամանակ ռեժիսորը կարողանում է էկրանից այս կողմ փոխանցել ահաբեկվածության աուրան, լարվածությունն ու վախը, անխուսափելիության ու անելանելիության զգացողությունը, որը չի լքում հանդիսատեսի սիրտն անգամ ֆիլմի ավարտից հետո:

Հոդվածի հեղինակ՝ Սոնա Կարապողոսյան
 

Նորություններ և միջոցառումներ